Կանոնադրություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության

Գլուխ 1

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հանդիսանում է միացման ձևով վերակազմակերպված և իրեն միացած առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպության իրավահաջորդը, որը միավորում է Հայաստանի առողջապահության ոլորտի արհեստակցական կազմակերպություններին և տարածքային միություններին՝ նրանց աշխատանքները համախմբելու, նրանցում միավորված աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար։
Հոդված 2
Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը (այսուհետ՝ Ճյուղային Միություն) իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնադրության պահանջներին համապատասխան։
Ճյուղային Միությունը անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից, վերջիններիս հետ իր հարաբերությունները կառուցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Հոդված 3
Ճյուղային Միությունը ինքնուրույն է որոշում իր կառուցվածքը, ընտրում՝ ղեկավար և վերստուգող մարմիններ, հրավիրում՝ համագումարներ, համաժողովներ, ղեկավար մարմնի նիստեր, ստեղծում հաստիքային աշխատողների խումբ, կազմակերպում նրա աշխատանքը։
Հոդված 4
Ճյուղային Միության և նրա ղեկավար մարմնի գտնվելու վայրն է. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, հեռ. 58-19-42, 58-27-52, 56-47-82։
Հոդված 5
Ճյուղային Միության անվանումն է՝
հայերեն՝ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն,
ռուսերեն՝ Отраслевой Республиканский союз  профессиональных организаций работников здравоохранения Армении.
անգլերեն՝ Branch Republican Trade Union Organizations of Health workers of Armenia.

Գլուխ 2

Ճյուղային Միության նպատակները և խնդիրները,

գործունեության առարկան և սկզμունքները

Հոդված 6
Ճյուղային Միությունը ներկայացնում և պաշտպանում է ճյուղային արհեստակցական կազմակերպությունների, տարածքային միությունների (այսուհետ՝ մասնակից (անդամ) կազմակերպություններ) շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններում, ինչպես նաև ներկայացնում և պաշտպանում է արհեստակցական կազմակերպությունների մասնակիցների (անդամների) աշխատանքային, մասնագիտական, սոցիալտնտեսական իրավունքներն ու շահերը գործատուի մոտ, համախմբում է մասնակից (անդամ) կազմակերպությունների ջանքերը հանուն աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման ու ամրապնդման։
Հոդված 7
Ճյուղային Միությունը իր գործունեությունը իրականացնում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, համերաշխության, ժողովրդավարության, ինքնակառավարման, հրապարակայնության սկզբունքներով։
Հոդված 8
Ճյուղային Միության խնդիրներն են.
1.Համակարգել և համախմբել Ճյուղային արհմիության մասնակից (անդամ) կազմակերպությունների գործողությունները հանուն աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների ու շահերի պաշտպանության, ներկայացնել և պաշտպանել մասնակից (անդամ) կազմակերպությունների շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններում։
2.Կնքել կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության առողջապահության լիազոր մարմնի և գործատուների ճյուղային միության հետ` ոլորտի աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման և ամրապնդման նպատակով ։
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իր կողմից լիազորված մարմինների միջոցով վերահսկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ոլորտի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը։
4. Ապահովել արդյունավետ համագործակցություն արհեստակցական միությունների հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մասնակցել առողջապահության ոլորտի աշխատողների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական, իրավական շահերը շոշափող Հայաստանի Հանրապետության օրենքների, օրենսդրական ակտերի և առողջապահության ոլորտին վերաբերվող պետական ծրագրերի փորձաքննության աշխատանքներին, այլ միջոցառումներին։
5.Առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով՝ արհեստակցական կազմակերպության մասնակիցների (անդամների) աշխատանքային և սոցիալական խնդիրներին առնչվող իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
6.Նպատակամղել Ճյուղային Միության միջոցները մասնակից (անդամ) կազմակերպություններում աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու, աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու, նյութական օգնություն ցուցաբերելու, առողջարանային բուժման և հանգստի, ինչպես նաև մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման համար։
7. Կազմակերպել արհմիութենական ակտիվի ուսուցումը և վերապատրաստումը, ցուցաբերել մեթոդական և գործնական օգնություն մասնակից (անդամ) կազմակերպությունների ղեկավար մարմիններին, տարածել մասնակից (անդամ) կազմակերպությունների աշխատանքային փորձը:
Հոդված 9
Ճյուղային Միության պարտավորություններն են.
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մասնակցել ոլորտին վերաբերող արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը։
2.Վարել մասնակից (անդամ) կազմակերպությունների հաշվառում։
3.Իր գործունեության մասին պարբերաբար տեղեկացնել մասնակից (անդամ) կազմակերպություններին,
4. Օրացուցային տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում Խորհրդին ներկայացնել և հրապարակել իր սեփականության օգտագործման վերաբերյալ տարեկան հաշվետվություն։

Գլուխ 3

Ճյուղային Միության ստեղծումը և նրան մասնակցելը (անդամակցելը),

Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպությունների

իրավունքներն ու պարտականությունները

Հոդված 10
Ճյուղային Միությունը ստեղծվում է առողջապահության ոլորտի արհեստակցական կազմակերպությունների և միությունների կեսից ավելիի կողմից հրավիրված հիմնադիր համագումարում։
Արհեստակցական միությունը կարող է հիմնադիր լինել արհեստակցական կազմակերպությունների միայն մեկ ճյուղային հանրապետական միության։
Հիմնադիր համագումարը հաստատում է Ճյուղային Միության կանոնադրությունը և կառուցվածքը, ընտրում Ճյուղային Միության նախագահ, նախագահի տեղակալ, ընտրում և հաստատում ղեկավար մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը, հաստատում ղեկավար մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի աշխատակարգերը։
Հոդված 11
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպություն կարող է լինել հանրապետության առողջապահության ոլորտի կամ հարակից ոլորտների յուրաքանչյուր արհեստակցական կազմակերպություն և տարածքային միություն, որն ընդունում է սույն կանոնադրությունը, ճանաչում և իրականացնում է նրա պահանջները, սույն կանոնադրությամբ սահմանված չափով և ժամկետում մուծում է անդամավճարը։
Հոդված 12
Ճյուղային Միությանը մասնակցելը (անդամակցելը) և մասնակցությունից (անդամությունից) դուրս գալը կամավոր է։
Ճյուղային Միությանը մասնակցելու (անդամակցելու) մասին արհեստակցական կազմակերպության կամ միության ղեկավար մարմնի որոշումը դիմումի հետ միասին քննարկում է Միության խորհուրդը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Արհեստակցական կազմակերպությունը կամ տարածքային միությունը համարվում է Ճյուղային Միության մասնակից (անդամ)՝ այդ մասին խորհրդի որոշում ընդունելուց հետո։
Ճյուղային Միությանը մասնակցելու (անդամակցելու) մասին արհեստակցական կազմակերպության, կամ արհեստակցական կազմակերպությունների տարածքային միության ղեկավար մարմնի դիմումը մերժվելու դեպքում արհեստակցական միությունը կարող է երկրորդ անգամ դիմել` երեք ամիս հետո։ Դիմումը մերժելու մասին Ճյուղային Միության խորհրդի որոշումը պետք է լինի հիմնավորված։
Հոդված 13
Սույն կանոնադրության պահանջները խախտելու, ճյուղային միության ղեկավար մարմինների որոշումները չկատարելու դեպքերում, Ճյուղային Միության խորհրդի որոշմամբ, մասնակից (անդամ) կազմակերպությունը կարող է զգուշացվել կամ Ճյուղային Միության կազմից հեռացվել։
Հոդված 14
Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպությունը իրավունք ունի.
1. Երաշխավորել իր մասնակիցներին (անդամներին) Ճյուղային Միության ղեկավար մարմինների և վերստուգիչ հանձնաժողովի կազմերում։
2.Ճյուղային Միության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել փաստաթղթերի նախագծեր, առաջարկություններ, ստանալ դրանց վերաբերյալ որոշումներ։
3. Դիմել Ճյուղային Միության ղեկավար մարմիններին՝ իր աշխատանքային շահերի պաշտպանության միջնորդությամբ։
4. Մասնակցել Ճյուղային Միության կողմից կնքվող կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագրի) նախագծերի նախապատրաստման և իրականացման աշխատանքներին։
5. Մասնակցել Ճյուղային Միության գործունեության ծրագրերի մշակմանը։
6.Ստանալ տեղեկատվություն Ճյուղային Միության ֆինանսատնտեսական գործունեության մասին։
Հոդված 15
Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպությունը պարտավոր է.
1.Կատարել սույն կանոնադրության պահանջները, Ճյուղային Միության ղեկավար մարմինների որոշումները։
2.Նշված ժամկետում Ճյուղային Միությանը մուծել սահմանված չափի անդամավճարը։
3.Ցուցաբերել փոխադարձ համերաշխություն Ճյուղային Միության մասնակիցների (անդամների) միջև՝ աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված Ճյուղային Միության ղեկավար մարմինների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ։
4.Ճյուղային Միության մասնակցությունից (անդամակցությունից) դուրս գալու որոշման մասին գրավոր տեղյակ պահել Ճյուղային Միության խորհրդին։
5. Խորհրդի կողմից սահմանված կարգով տարին մեկ անգամ ֆինանսական հաշվետվություն ներկայացնել Ճյուղային Միությանը։
6. Ցուցաբերել ակտիվ մասնակցություն ճյուղային միության նպատակների իրականացման և խնդիրների լուծման գործում:

Գլուխ 4

Ճյուղային Միության ղեկավար և վերահսկողություն

իրականացնող մարմինները

Հոդված 16
Ճյուղային Միության ղեկավար մարմինը Ճյուղային Միության խորհուրդն է (այսուհետ՝ խորհուրդ)։
Հոդված 17
Ճյուղային Միության բարձրագույն մարմինը Ճյուղային Միության համագումարն է, որը հրավիրվում է խորհրդի որոշմամբ, ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ։
Անհրաժեշտության դեպքում, խորհրդի որոշմամբ, հրավիրվում է համաժողով՝ քննարկելու մասնակից (անդամ) կազմակերպությունների և աշխատողների աշխատանքային շահերին առնչվող հրատապ լուծում պահանջող հարցեր։ Համաժողովի հրավիրման կազմակերպական հարցերը կարգավորվում են այնպես, ինչպես համագումարի դեպքում։
Հոդվնած 18
Ճյուղային Միության խորհուրդը և վերստուգիչ հանձնաժողովը կազմավորվում են Ճյուղային Միության համագումարի կողմից, հինգ տարի ժամկետով։
Խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրված է համարվում արհեստակցական կազմակերպության այն մասնակիցը (անդամը), ով ստանում է համագումարին մասնակցած պատվիրակների ձայների կեսից ավելին։ Հավասար ձայների դեպքում կատարվում է վերաքվեարկություն։
Հոդված 19
Ճյուղային Միության համագումարի և (կամ) համաժողովի հրավիրման, ներկայացուցչական նորմայի, պատվիրակների ընտրության կարգի, օրակարգի, անցկացման տեղի և ժամկետի մասին Խորհրդի որոշումը ընդունվում է համագումարից՝ մեկ ամիս առաջ, իսկ համաժողովից՝ երկու շաբաթ առաջ։
Հանրապետական միության նախագահը, տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե հանդիսանում են ճյուղային միության համագումարի պատվիրակ:
Հոդված 20
Ճյուղային Միության համագումարը.
1. Լսում է հաշվետու ժամանակահատվածում խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ընդունում համապատասխան որոշումներ։
2.Հաստատում է Ճյուղային Միության կանոնադրությունը, խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգերը, նրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները։
3. Հաստատում է Ճյուղային Միության գործունեության ծրագիրը, հերթական խնդիրները, ընդունում է դիմումներ, հայտարարություններ, որոշումներ։
4. Հինգ տարի ժամանակով ընտրում է Ճյուղային Միության նախագահ և անհրաժեշտության դեպքում` ետ կանչում նրանց զբաղեցրած պաշտոնից։
5. Ընդունում է որոշումներ Ճյուղային Միության վերակազմակերպման և լուծարման մասին։
6. Որոշում է կայացնում ճյուղային միության նախագահի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:
Հոդված 21
Ճյուղային Միության համագումարը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին մասնակցում են համագումարի ընդհանուր պատվիրակների թվի երկու երրորդից ավելին։
Հոդված 22
Ճյուղային Միության համագումարի որոշումներն համարվում են ընդունված, եթե որոշումների օգտին քվեարկել են համագումարին մասնակից պատվիրակների կեսից ավելին։
Քվեարկության կարգը (բաց կամ փակ (գաղտնի), որոշում է Ճյուղային Միության համագումարը։
Հոդված 23
Ճյուղային Միության համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Ճյուղային Միության աշխատանքները ղեկավարում է Ճյուղային Միության խորհուրդը, որի թվակազմը, թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը որոշում է Ճյուղային Միության համագումարը։
Հոդված 24
Ճյուղային Միության խորհուրդը.
1. Հրավիրում է Ճյուղային Միության համագումար, հաստատում նրա օրակարգի նախագիծը, ներկայացուցչական նորման, անցկացման տեղը և ժամկետը։
2. Իրագործում է Ճյուղային Միության համագումարի և համաժողովի որոշումները, սույն կանոնադրության պահանջները։
3. Օրենքով սահմանված կարգով կազմակերպում է խաղաղ, առանց զենքի երթեր, ցույցեր, գործադուլներ, մարզամշակութային և զանգվածային այլ միջոցառումներ։
4. Ընդունում է որոշումներ Ճյուղային Միության կազմում նոր մասնակից (անդամ) կազմակերպության ընդունման և Ճյուղային Միության կազմից մասնակից (անդամ) կազմակերպությանը հեռացնելու մասին։
5. Հաստատում է Ճյուղային Միության բյուջեն, լսում և քննարկում է վերստուգիչ հանձնաժողովի կողմից ֆինանսական վերստուգումների արդյունքները։
6. Կատարում է աշխատանքի բաժանում Ճյուղային Միության նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի մյուս անդամների միջև, անհրաժեշտության դեպքում` ստեղծում աշխատանքային հանձնաժողովներ։
7.Լսում է Ճյուղային Միության նախագահի կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն։
8.Համապատասխան մարմինների խրախուսմանն է ներկայացնում արհեստակցական կազմակերպության առավել աչքի ընկած մասնակիցներին (անդամներին)։
9.Որոշում է կայացնում առանձնացված ստորաբաժանումների ստեղծման մասին, հաստատում նրանց կանոնադրությունները:
10.Հաստատում է Ճյուղային Միության աշխատակազմի կառուցվածքը, աշխատակարգը, հաստիքացուցակը:
11. Հաստատում է մասնակից (անդամ) կազմակերպություններում հաշվետվությունների և ընտրությունների անցկացման կարգը, խորհրդին ներկայացվող վիճակագրական ձևերը։
12. Ստեղծում է տնտեսական ընկերություններ, հաստատում է նրանց կանոնադրությունները։
13. Դադարեցնում, կասեցնում է անդամ կազմակերպությունների /նրանց ընտրովի մարմինների/ որոշումները, եթե դրանք հակասում են արհեստակցական միության կանոնադրությանը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
14. Հինգ տարի ժամանակով ընտրում է ճյուղային միության նախագահի տեղակալ և անհրաժեշտության դեպքում` ետ կանչում նրան զբաղեցրած պաշտոնից:
15. Որոշում է ընդունում Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների միավորմանը և միջազգային արհեստակցական կազմակերպություններին անդամակցելուն:
Հոդված 25
Խորհրդի նիստը հրավիրում է Ճյուղային Միության նախագահը՝ հաստատված ժամանակացույցի համաձայն, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և իրավազոր է, եթե նրա աշխատանքին մասնակցում է խորհրդի անդամների ոչ պակաս քան երկու երրորդը։ Խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե որոշման օգտին քվեարկում են նիստին մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ձևը (բաց կամ փակ (գաղտնի) որոշում է խորհուրդը։
Արտահերթ նիստը հրավիրվում է Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:
Հոդված 26
Ճյուղային Միության նախագահը Առողջապահության նախարարության հետ կոլեկտիվ պայմանագրի մշակման և կնքման ժամանակ ներկայացնում և պաշտպանում է ճյուղային միության շահերը:
Հաստատում է ճյուղային միության նախագահի, նախագահի տեղակալի, աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և հավելավճարի չափը, ինչպես նաև նրանց խրախուսանքի և պարգևատրման ենթարկելու կարգը:
Կնքում է աշխատանքային պայմանագրեր աշխատակազմի վճարովի աշխատակիցների հետ:
Ճյուղային միության նախագահը և նախագահի տեղակալը ներկայացնում են Ճյուղային Միությունը պետական կառավարման մարմիններում, միջազգային արհմիութենական և հասարակական կազմակերպություններում, կազմակերպում են Ճյուղային Միության համագումարի, համաժողովի և խորհրդի որոշումների կենսագործումը, ղեկավարում են խորհրդի և Ճյուղային Միության աշխատակազմի աշխատանքները, ընդունում մասնակիցների (անդամների) դիմումները, աշխատողների աշխատանքային շահերի հետ կապված տարբեր հարցերով բանակցում գործատուի հետ, հանդես են գալիս որպես վարկի կարգադրիչներ։
Հոդված 27
Ճյուղային Միության նախագահի բացակայության դեպքում վերջինիս լիազորությունները իրականացնում է Ճյուղային Միության նախագահի տեղակալը։ Ճյուղային Միության նախագահի ազատման դեպքում` մինչև վեջինիս լիազորությունների ժամկետի լրանալը, Խորհրդի որոշմամբ նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար:
Հոդված 28
Ճյուղային Միության ղեկավար մարմնի որոշումների իրագործմանը նպաստելու, մասնակից (անդամ) կազմակերպություններին մեթոդական և գործնական օգնություն ցույց տալու, ֆինանսական և բանկային գործարքները կատարելու, Ճյուղային Միության նախագահի և նախագահի տեղակալի աշխատանքներին օգնելու նպատակով Ճյուղային Միությունը կարող է ունենալ աշխատակազմ, որի կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատավարձերի չափը սահմանում է խորհուրդը։
Հոդված 29
Ընդհանուր արհմիութենական աշխատանքները համախմբելու և կատարելագործելու, պետական մարմիններում աշխատողների աշխատանքային և սոցիալական շահերը և իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու, ինչպես նաև արհեստակցական միությունների, արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների աշխատանքային շահերը միասնական ձևով պաշպանելու, վերջիններիս մեթոդական և գործնական օգնություն ցույց տալու համար Ճյուղային Միությունը, Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է դառնալ հիմնադիր, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության համար, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) նրան։
Հոդված 30
Ճյուղային Միության ֆինանսատնտեսական գործունեությունը և բյուջեների կատարումը վերահսկելու, Ճյուղային Միության համագումարի, համաժողովի և խորհրդի որոշումների կատարումը վերահսկելու նպատակով Ճյուղային Միության համագումարը, արհեստակցական կազմակերպության մասնակիցներից (անդամներից) ընտրում է վերստուգիչ հանձնաժողով, հաստատում է նրա աշխատակարգը։
Վերստուգիչ հանձնաժողովը իրավունք ունի խորհրդից պահանջելու վերջինիս գործունեությանը վերաբերող տվյալներ, տեղեկություններ։
Խորհրդի անդամները չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։
Հոդված 31
Ճյուղային Միության վերստուգիչ հանձնաժողովը անդրանիկ նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, հաստատում է հանձնաժողովի գործունեության ծրագիրը։
Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է Ճյուղային Միության համագումարին։ Ընթացիկ վերստուգումների արդյունքների մասին վերստուգիչ հանձնաժողովը տեղեկություն է տալիս խորհրդին։
Վերստուգիչ հանձնաժողովի աշխատակարգային գործունեությունը ապահովելու անհրաժեշտ ծախսերը կատարվում են Ճյուղային Միության միջոցների հաշվին։

Գլուխ 5

Ճյուղային Միության սեփականությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը

Հոդված 32
Ճյուղային Միության սեփականությունը գոյանում է Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպությունների անդամավճարներից, մուտքի վճարներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, գործատուի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
Հոդված 33
Ճյուղային Միության սեփականություն կարող են հանդիսանալ շենքեր, առողջարանային, հանգստի, տուրիստական, մարզական, մշակութային հիմնարկներ, ինչպես նաև այլ ունեցվածք, որոնք ապահովում են իրականացնելու Ճյուղային Միության կանոնադրական պահանջները։
Հոդված 34
Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպության մուտքավճարը սահմանվում է` հաշվարկային նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, ամենամսյա անդամավճարի չափ՝ արհեստակցական կազմակերպության մասնակցի (անդամի) ամսական եկամուտի մեկ տոկոսի ոչ պակաս, քան քսան տոկոսը։ Անդամավճարը մուծվում է կանխիկ և անկանխիկ ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 35
Ճյուղային Միության սեփականությունը չի բաժանվում Ճյուղային Միության մասնակից (անդամ) կազմակերպություններին, այն օգտագործվում է խորհրդի որոշմամμ, Ճյուղային Միության կանոնադրության պահանջներին համապատասխան։
Հոդված 36
Խորհուրդը իր իրավասության սահմաններում տնօրինում, տիրապետում և օգտագործում է Ճյուղային Միության սեփականությունը։ Ճյուղային Միության տարեկան բյուջեի կատարման մասին հաշվետվությունը՝ վերստուգիչ հանձնաժողովի կողմից հաստատված վերստուգումների ակտի հետ միասին քննարկվում և հաստատվում է Խորհրդի նիստում՝ օրացուցային տարվա ավարտից հետո։
Ճյուղային Միությունը իր պարտականությունների համար պատասխանատվություն է կրում իր գույքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 37
Ճյուղային Միությունը ունի բանկային հաշիվներ, այդ թվում՝ արտարժութային։
Հոդված 38
Ճյուղային Միության կազմից մասնակից (անդամ) կազմակերպության դուրս գալու դեպքում նրան չի վերադարձվում նրա կողմից որպես անդամավճար մուծած գումարը։
Հոդված 39
Ճյուղային Միության գույքի օտարումը կատարվում է խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Գլուխ 6

Ճյուղային Միության կապերը

Հոդված 40
Ճյուղային Միությունը սույն կանոնադրության պահանջներին համապատասխան կարող է համաձայնագրեր կնքել և համագործակցել տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, պայմանագրային հիմունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, համագործակցել առողջապահության աշխատողների արհմիության միջազգային միավորումների հետ։ ։

Գլուխ 7

Ճյուղային Միության իրավունակությունը։

Ճյուղային Միության վերակազմակերպումը և լուծարումը

Հոդված 41
Ճյուղային Միությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում գրանցվելու պահից։
Ճյուղային Միությունը ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտավորություններ։
Ճյուղային Միությունն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով իր անվանումով կնիք, դրոշմ, անվանաթերթիկ, բանկային հաշիվներ։
Հոդված 42
Ճյուղային Միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) իրականացվում է Ճյուղային Միության համագումարի որոշմամբ՝ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։
Ճյուղային Միության վերակազմավորում չի թույլատրվում։
Հոդված 43
Ճյուղային Միության լուծարումը տեղի է ունենում օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
Հոդված 44
Լուծարման մասին որոշումը ընդունվում է համագումարում: Լուծարման մասին որոշում ընդունելուց հետո Ճյուղային Միության համագումարը ընտրում է լուծարման հանձնաժողով, սահմանում լուծարման կարգը, ժամկետները և օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը օգտագործում է Ճյուղային Միության կանոնադրական նպատակների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխանցում է պետական բյուջե։
Ճյուղային Միությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած, այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից։