<<Արհմիութենական շարժումը Հայաստանում. ներկա իրավիճակը, հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները>> թեմայով սեմինար՝ Ծաղկաձորում
Ս.թ. հոկտեմբերի 19-21 Ծաղկաձորում Հայաստանի Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ անցկացրեց արտագնա սեմինար՝ <<Արհմիութենական շարժումը Հայաստանում. ներկա իրավիճակը, հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները>> թեմայով:
Սեմինարին մասնակցում էին առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական և մարզային միությունների Խորհուրդների նախագահները, անդամները, ինչպես նաև Երևանի և մարզերի բուժհաստատությունների արհմիութենական կազմակերպությունների նախագահները, անդամները՝ թվով 27 հոգի:
ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան մասնակիցներին ներկայացնելով սեմինարի նպատակները՝ նշեց, որ մայիսյան իրադարձություններից հետո քաղաքացիական հասարակության կառույցները ակտիվ բարձրաձայնում են աշխատավորների իրավունքների համատարած ոտնահարումների և նրանց իրավական անպաշտպանվածության հիմնախնդիրների մասին: Այսօր հասարակության կողմից պահանջ է ներկայացվում ունենալ ուժեղ, արդիական արհմիություններ, որոնք կարող են դառնալ աշխատողների իրական պաշտպաններ:
Անդրադարնալով արհմիութենական շարժման պատմությանը, վերլուծվեց նրա գործունեության ուղղվածությունները՝ ըստ տարբեր ժամանակաշրջանների, ներկայացվեց նաև 1991թ․ Հայաստանի՝ անկախությունից հետո արհմիությունների վերակազմավորման մասին տեղեկությունը, դրա հետ կապված դրական և բացասական փորձը, <<Արհեստակցական միությունների մասին>> ՀՀ օրենքի շրջանակներում գործող արհմիությունների գործունեության ուղիները և այսօրվա հիմնախնդիրները:
Սեմինարի մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով վերլուծեցին և վեր հանեցին սկզբնական կազմակերպությունների ուժեղ և թույլ կողմերը, նախանշեցին կազմակերպությունների արդիականացման ուղիները: Քննարկվեցին և նշվեցին այն անհրաժեշտ և առաջնահերթ քայլերը, որոնք կարող են նպաստել արհմիության անդամների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը











