<<ԵԿԵՔ ԳՈՐԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎԵՐՄԱՆ>>
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը նշում է որպես առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր՝ կարևորելով աշխատակիցների առողջ և անվտանգ պայմանների ապահովումը: Այս արշավի նպատակն է՝ բարձրացնել հասարակության իրազեկությունը առողջ և անվտանգ աշխատանքի հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այս միջոցով կանխել աշխատանքի հետ կապված վնասվածքների, հիվանդությունների և մահացությունների աճը։
Յուրաքանչյուր տարի շուրջ 2.9 միլիոն մարդ մահանում է աշխատանքային դժբախտ պատահարներից, հիվանդություններից, իսկ առնվազն 402 միլիոն մարդ տառապում է մասնագիտական տարբեր վնասվածքներից: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և Աշխատանքի Միջազգային կազմակերպության համատեղ ուսումնասիրությունները վկայում են, որ աշխատանքի հետ կապված և մահվան հանգեցրած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը կազմում են մեծ տոկոս: Մասնագիտական վնասվածքներն ու հիվանդությունները ոչ միայն մարդկային կորուստների պատճառ են հանդիսանում, այլև՝ մեծ վնաս են հասցնում ձեռնարկությունների և ընդհանուր տնտեսությունների համար, ինչը ենթադրում է առողջապահական ծախսերի փոխհատուցում, արտադրողականության կորուստ, աշխատունակության կրճատում, ինչպես նաև աշխատուժի ավելի ցածր ներգրավվածություն:
Ամեն տարի այդ օրն ունի մի խորհուրդ և շոշափում է առավել առաջնային համարվող որևէ թեմա: Այս տարվա կարգախոսն է՝
«Եկեք գործենք միասին՝ հանուն առողջ և անվտանգ աշխատանքի մշակույթի ձևավորման»։
Մշակույթ, որտեղ հարգվում է անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի իրավունքը, որտեղ կառավարությունները, գործատուները և աշխատողները համատեղ ապահովում են առողջ աշխատանքային միջավայր, որտեղ անվտանգության ապահովմանը տրվում է ամենաբարձր առաջնահերթությունը և որտեղ աշխատողների առողջությունն ու անվտանգությունը համարվում են ազգային օրակարգի առաջնահերթություն:
Քանի որ աշխատավայրերում առողջ և անվտանգ պայմանների ապահովման առումով խոցելի խմբում նաև բուժաշխատողներն են, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նույնպես միանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության այս նախաձեռնությանը և իր մտահոգությունն ու զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին՝ կոչ անելով խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ առողջությունն ու աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանումը։
ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ
