ԱՊՐԻԼԻ 28-ը՝ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը հայտարարել է առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր՝ այդպիսով կարևորելով աշխատակիցների առողջ և անվտանգ պայմանների ապահովումը և օգնել կանխել դժբախտ պատահարներն ու հիվանդությունները աշխատավայրերում:
Այս իրազեկման արշավը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկությունը առողջության և անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այս միջոցով կանխել աշխատանքի հետ կապված վնասվածքների, հիվանդությունների և մահացությունների աճը։ Աշխարհի տարբեր երկրներում կառավարությունները, արհմիությունները, ոլորտի մասնագետները կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ։ Ամեն տարի այդ օրն ունի մի խորհուրդ և շոշափում է առավել առաջնային համարվող որևէ թեմա: Այս տարվա կարգախոսն է՝ «Կանխատեսել, պատրաստվել և արձագանքել ճգնաժամին. կատարե՛նք ներդրում առողջ և անվտանգ աշխատանքի դիմադրողունակ համակարգերում»։ Աշխատավայրերում աշխատակիցների առողջ և անվտանգ պայմանների ապահովումը բոլորի համար պետք է դառնա գերակա խնդիր: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինի անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս: Այն հատկապես կարևոր է հիմա, երբ ողջ աշխարհը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում: Համավարակը ցույց տվեց, որ աշխատանքի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումները լիարժեք և բավարար չեն, անհրաժեշտ է աշխատավայրերում մշակել անվտանգության լրացուցիչ կանոններ: Չէ՞ որ միայն առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարագայում կարելի է խոսել աշխատանքի բարձր արդյունավետության մասին:
Ըստ վիճակագրության՝ առողջապահության ոլորտի աշխատակիցների մահվան դեպքերը աշխարհում համավարակի պատճառով առնվազն 17000 են: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 րոպեում գրանցվում է մեկից ավելի բուժաշխատողի մահ: Մյուս ոլորտների աշխատողները նույնպես տարբեր ազդեցությունների հետևանքով հայտնվում են վտանգավոր պայմաններում: Յուրաքանչյուր 12 վայրկյանում աշխարհում տեղի է ունենում աշխատանքի հետ կապված մահ: Միլիոնավոր աշխատողներ շարունակում են մահանալ աշխատավայրերում՝ անվտանգության ոչ բավարար պայմանների ապահովման պատճառով:
Քանի որ աշխատավայրերում առողջ և անվտանգ պայմանների ապահովման առումով, ի թիվս այլ ոլորտների աշխատակիցների, խոցելի խմբում նաև բուժաշխատողներն են, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նույնպես միանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության այս նախաձեռնությանը և իր մտահոգությունն ու զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին՝ կոչ անելով խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները:Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ առողջությունն ու աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանումը։
ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ
