Հայաստանի առողջապահության աշխատողների ՃՀՄ և 12 արհմիությունների համատեղ ուղերձը

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ 12 ճյուղային արհմիությունների հետ համատեղ ուղերձ են հղել ԱՊՀ երկրների արհմիություններին, աշխարհի խոշորագույն արհմիութենական կազմակերպություններին և միավորումներին՝ իրազեկելու և ցույց տալու ողջ արհմիութենական հանրությանը,  թե իրականում ինչ է կատարվում մեր տարածաշրջանում արդեն մեկ ամիս: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող արհմիությունները և միջազգային կառույցները , որոնք իրենց շուրջ են միավորում ավելի քան 200 միլիոն անդամների, պետք է տեղյակ լինեն Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իրական վտանգի, նրա ծանր հետևանքների մասին:   Եվ այդ հետևանքներից մեկը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչության զտումը, որը և Ադրբեջանը՝ Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից բերված վարձկան ահաբեկիչների հետ համատեղ ջանասիրաբար փորձում է իրագործել:

Սույն նամակով կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը՝ կարևորելով, որ ներկա պահին դա  է արցախահայության անվտանգության միակ երաշխիքը:

Ուղերձն ամբողությամբ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝  այստեղ:  

                            Հայաստանի ճյուղային արհմիությունների ուղերձը

                                միջազգային արհմիութենական հանրությանը

Հարգելի՛ գործընկերներ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ:

Այս հակամարտությունն ունի երկար պատմություն:

Դեռևս 1918թ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, հռչակեց իր անկախությունը, հրաժարվեց մտնել առաջին Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ և դիմակայեց թուրք-ադրբեջանական ջարդերին: 1921թ. հուլիսի 4-ին Հարավային Կովկասում Սովետական Հանրապետությունների ձևավորման ժամանակ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դարձավ Հայկական ՍՍՀ մասը, սակայն հաջորդ իսկ օրը Ստալինի անմիջական միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար փոխանցվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ ստանալով ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ):

Անգամ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Ադրբեջանական ՍՍՀ իշխանությունները հետևողականորեն խտրականություն էին դրսևորում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայկական ազգաբնակչության նկատմամբ:

1988թ-ին, օգտվելով ինքնորոշման իրավունքից, ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների Մարզային Խորհուրդը ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարություններին միջնորդություն հղեց Ղարաբաղը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթ և Բաքու քաղաքներում ապրող հայերի զանգվածային ջարդեր և կոտորած:

1991թ. անցկացված հանրաքվեի արդյունքում Լեռնային ղարաբաղի ժողովուրդը հաստատեց Ադրբեջանի կազմից դուրս գալու իր ցանկությունը: Ի պատասխան դրան Ղարաբաղում սկսվեց պատերազմ, որը տևեց գրեթե 4 տարի և ավարտվեց 1994թ. մայիսի 12-ին՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ  համաձայնագրի կնքմամբ:

Չճանաչված Արցախի Հանրապետությունն ունի գրեթե 30-ամյա  գոյության պատմություն: Դա մի երկիր է իր սահմանադրությամբ, կառավարությամբ, ժողովրդավարական հանրապետության բոլոր տարրերով, քաղաքացիական հասարակության, այդ թվում և արհմիութենական զարգացած կառուցվածքներով: Այս տարիների ընթացքում թեև Արցախի արհմիությունները մեկուսացված են եղել միջազգային արհմիութենական շարժումից, այնուհանդերձ սոցիալական գործընկերության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերում  էական արդյունքներ են  գրանցել:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ կտրականապես  մերժել է փոխզիջումները՝  պահանջելով վերադարձնել Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության ներքո, մերժելով ղարաբաղցի հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը: Այդպիսի մոտեցումն առ ոչինչ դարձրեց միջազգային միջնորդների բոլոր ջանքերը:

Սա արդեն երրորդ պատերազմն է, որը Ադրբեջանը նախաձեռնում է զարգացման ժողովրդական ուղի ընտրած անկախ Արցախի նկատմամբ:

Խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանի զինված ուժերը, կիրառելով սպառազինության արգելված ձևեր, նպատակաուղղված հարձակում են գործադրում քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մշակույթի հուշարձանների և հաստատությունների, եկեղեցիների ու տաճարների վրա, մահանում են ծերեր, կանայք ու երեխաներ: Ավելի քան 90 հազար մարդ դարձավ  փախստական, 24 հազար երեխա զրկվեց կրթություն ստանալու իրավունքից: Մենք դարձանք պատերազմական հանցագործությունների ականատեսը, երբ խաղաղ բնակիչները պարզապես գնդակահարվում են, հարձակվողների թիրախից զուրկ չեն մնում նաև բժիշկներն ու լրագրողները:

Այսօր ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև ողջ տարածաշրջանը կանգնած են  հումանիտար աղետի առջև:

Թուրքիան 100 տարի առաջ անպատժելիորեն իրականացնելով հայերի ցեղասպանությունն իրենց իսկ պատմական հայրենիքում, հայտարարում է հայ ժողովրդին բնաջնջելու իր մտադրության մասին:

Հայ հասարակությունն ինչպես երբեք համախմբվել է ագրեսորի դեմ պայքարում:

Հայաստանի արհմիությունները նույնպես անմասն չեն մնացել այս դժվարին պահին՝ ուղղելով իրենց ուժերն ու միջոցները Արցախի անօթևան բնակիչներին, արհմիություններին անդամակցող վիրավորների և զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Այս օրերին միջազգային շատ կազմակերպություններ, պետության ղեկավարներ, ինչպես նաև միջազգային արհմիություններ, պահպանելով չեզոքությունը, դիմում են երկու հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց այս պատերազմում կողմերը հավասար չեն. պաշտպանվող կողմը չի կարող դադարեցնել ինքնապաշտպանությունը, քանի դեռ հակառակորդն ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների շարունակում է հարձակումը:

Այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի բնակիչների անվտանգության միակ երկարատև երաշխիքը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Ադրբեջանի կազմում վերջինիս շնորհված ցանկացած կարգավիճակի պարագայում Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լինելու են սպառնալիքի տակ. պատմությունը  բազմիցս  ապացուցել է դա:

Դիմում ենք բոլոր արհմիություններին: Մեր առաքելությունն է՝ միշտ պաշտպանել մարդու իրավունքները, պայքարել հանուն արդարության: Խնդրում ենք, մի՛ լռեք, դիմե՛ք ձեր կառավարություններին: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից՝ հանուն այնտեղ ապրող մարդկանց փրկության: 

Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ և հասարակական սպասրկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կոմունալբնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների «Միաբանություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով