ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ բուժաշխատողներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր, առավել քան երբևէ, դուք ապացուցեցիք, որ ձեր գործի իրական նվիրյալներն եք, որ հավատարիմ տրված երդմանը՝ ձեր մասնագիտական առաքելությունն եք կատարում՝ ի վեճուկս բոլոր դժվարությունների:
Համավարակի ողջ ժամանակահատվածում դուք ոչ մի վայրկյան չվարանեցիք, չհուսահատվեցիք, չլքեցիք ձեր աշխատատեղը: Ավելին՝ շարունակում եք անքուն գիշերներ անցկացնել յուրաքանչյուր հիվանդի կողքին՝ տալով նրան հույս, հավատ ու ջերմություն: Եվ իզուր չէ, որ շատ հաճախ ձեզ համեմատում են սահմանին կանգնած զինվորի հետ, ով ամեն գնով մեր հայրենիքի սահմանն է պաշտպանում թշնամուց, իսկ դուք սահմանի ներսում պայքարում եք անտեսանելի մեկ այլ թշնամու դեմ:
Գիտենք, որ շատ դժվար է և անհնար է պարզապես խոսքերով ներկայացնել այն ամենն, ինչ դուք արել և շարունակում եք անել այս ամիսների ընթացքում: Միայն երախտիքի խոսքերը բավարար չեն ձեր կատարած աշխատանքը գնահատելու և ոգևորելու համար:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր բաժին պատասխանատվությունն ունենա վարակի տարածումը նվազագույնին հասցնելու և հետագա զարգացումը կանխելու ուղղությամբ: Գիտենք, դուք էլ ունեք ընտանիքներ, երեխաներ, ում շաբաթներով տեսնելու հնարավորություն չեք ունենում: Հուսանք, որ մեր միասնական, գիտակցված քայլերի, հորդորների և պարետատան որոշումները հստակ կատարելու շնորհիվ այս ամենը շատ շուտով կավարտվի, և դուք հնարավորություն կունենաք վերադառնալու ձեր բնականոն կյանքին:
Համբերություն բոլորիդ, սիրելի՛ բուժաշխատողներ: Եղեք առողջ, լավատես՝ հանուն մեզ, հանուն ձեզ, հանուն բոլորի:
ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

