ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին և գործող համապատասխան կարգավորումները ներկա ժամանակի պահանջներին համապատասխանացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի բուժկենտրոններ է ուղարկվել «ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ (այսուհետ` Նախագիծ)՝ կարծիքներ և դիրքորոշումներ արտահայտելու համար:
Հայաստանի առողջապահության աշխատողներրի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, հանդիսանալով առողջապահության ոլորտի և բուժաշխատողների իրավունքների պաշտպան, բնականաբար, չէր կարող անմասն մնալ և չարձագանքել վերոնշյալ որոշման նախագծին:
Ստորև կներկայացնենք մի քանի դիտարկումներ այս նախագծի վերաբերյալ.
1. Բուժաշխատողների աշխատաժամանակի տևողությունը պայմանավորված է տվյալ աշխատանքի վնասակարության աստիճանի հետ։ Ըստ որոշման՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցած գիտատեխնիկական նվաճումները, աշխատանքի կազմակերպման փոփոխությունները, բուժաշխատողների թիվը, միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև առողջապահական ծառայությունների ավելացած պահանջարկը բնակչության կողմից պահանջում են գործող կարգավորումների վերանայում։
Ճիշտ է, գիտատեխնիկական նորանոր նվաճումների, բուժսարքավորումների շնորհիվ տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում բնակչության սպասարկումը և բուժումը, սակայն, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ-ում ոչ բոլոր բուժհաստատություններն են ապահովված վերջին սերնդի բուժսարքավորումներով (հատկապես մարզային բուժկենտրոնները): Համոզվելու համար կարելի է մտնել մարզերում գտնվող ցանկացած բուժհաստատություն (բացառություն կարող են կազմել միայն մի քանի մարզային խոշոր բուժկենտրոններ): Իսկ գործող կաբինետներում էլ բուժաշխատողների առողջության համար անհրաժեշտ պաշտպանիչ դաշտը գրեթե բացակայում կամ գտնվում է ամենացածր աստիճանի վրա:
2. Անընդհատ մատնանշվում է միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաները, ինչը կնպաստի ավելի մեծ քանակությամբ քաղաքացիների սպասարկմանը, հերթերի ու դժգոհությունների կրճատմանը։ Այս ամենը բոլորովին չի թեթևացնում առողջապահության առաջնային պահպանման օղակի աշխատողների աշխատանքների ծանրաբեռնվածությունը: Շատ բուժաշխատողներ զրկվում են նաև համատեղությամբ մեկ ուրիշ տեղ աշխատելու հնարավորությունից: Ժամանակի ավելացումն առանց ֆինանսական բարելավման, խախտում է նրանց աշխատանքային իրավունքները:
3. Այս նախագիծը, իհարկե, լավ է, սակայն միայն բնակչության համար: Իսկ ինչու՞ հաշվի չեն առնվում բուժաշխատողի աշխատանքային իրավունքները: Չէ՞ որ այս որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապեւթյան Աշխատանքային օրենսգրքի 105, 142 հոդվածների մի շարք դրույթներ:
Բուժաշխատողենրի բեռը ծանրացնելու փոխարեն ավելի ճիշտ չի՞ լինի ավելացնել բնակչության սպասարկումն ապահովող բուժաշխատողների թվաքանակը, հատկապես, եթե չի նախատեսվում աշխատավարձերի որևէ փոփոխություն: Դա, իհարկե, ենթադրում է նոր ֆինանսական ծախսեր, ինչի հնարավորությունն առայժմ չունի Հայաստանի Հանրապետությունը:
Այս և մյուս բոլոր հիմնավորումներին կարելի է ներկայացնել բազմաթիվ հակափաստարկներ:
Ուստի, գտնում ենք, որ ժամային կարգավորումներին անդրադառնալը դեռևս վաղ է, քանի դեռ ապահովված չեն բուժաշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, ինչն ամրագրված է նաև ԱՄԿ թիվ 187 կոնվենցիայով:
Այսպիսով, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իր մտահոգությունն է արտահայտում տվյալ նախագծի կապացությամբ և կարծում, որ այն ունի բազմաթիվ շտկումների և վերանայումների անհրաժեշտություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
