ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ բուժաշխատողներ.

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այսօր, առավել քան երբևէ, դուք ապացուցեցիք, որ ձեր գործի իրական նվիրյալներն եք, որ հավատարիմ տրված երդմանը՝  ձեր մասնագիտական առաքելությունն եք կատարում՝ ի վեճուկս բոլոր դժվարությունների:

Համավարակի ողջ ժամանակահատվածում դուք ոչ մի վայրկյան չվարանեցիք, չհուսահատվեցիք,  չլքեցիք ձեր աշխատատեղը: Ավելին՝ շարունակում եք անքուն գիշերներ  անցկացնել  յուրաքանչյուր  հիվանդի կողքին՝ տալով նրան հույս, հավատ ու ջերմություն: Եվ  իզուր չէ, որ շատ հաճախ ձեզ համեմատում  են սահմանին կանգնած զինվորի հետ, ով  ամեն գնով մեր հայրենիքի սահմանն է պաշտպանում թշնամուց, իսկ դուք սահմանի  ներսում  պայքարում  եք անտեսանելի մեկ այլ թշնամու դեմ:

Գիտենք, որ շատ դժվար է  և  անհնար է պարզապես խոսքերով ներկայացնել այն ամենն, ինչ դուք արել և շարունակում եք անել այս ամիսների ընթացքում: Միայն երախտիքի խոսքերը բավարար չեն  ձեր կատարած աշխատանքը գնահատելու և  ոգևորելու համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր բաժին պատասխանատվությունն ունենա վարակի տարածումը նվազագույնին հասցնելու և հետագա զարգացումը կանխելու ուղղությամբ: Գիտենք, դուք էլ ունեք ընտանիքներ, երեխաներ, ում շաբաթներով տեսնելու հնարավորություն չեք ունենում: Հուսանք, որ մեր միասնական, գիտակցված քայլերի, հորդորների և պարետատան որոշումները հստակ կատարելու շնորհիվ այս ամենը շատ շուտով կավարտվի, և  դուք հնարավորություն  կունենաք վերադառնալու ձեր   բնականոն կյանքին:

Համբերություն բոլորիդ, սիրելի՛ բուժաշխատողներ: Եղեք առողջ, լավատես՝ հանուն մեզ, հանուն ձեզ, հանուն բոլորի:

ՃՀՄ  ՆԱԽԱԳԱՀ՝                             Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով