Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Այսօր   Աշխատավորների համերաշխության միջազգային օրն է, որն այս տարի  ամբողջ աշխարհը նշում է արտակարգ իրավիճակում։

Համաճարակի տարածումը դեռևս դադարեցված չէ,  միլիոնավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ: Իսկ առողջապահության ոլորտի աշխատողները, գիշեր-ցերեկ, կտրված լինելով սեփական ընտանիքներին և երեխաներին տեսնելու հնարավորությունից, վտանգելով իրենց  առողջությունն ու կյանքը շարունակում են գտնվել առաջնագծում՝ ջանք ու եռանդ չխնայելով կորոնավիրուսի դեմ պայքարում։

 Համաճարակը պարզ ցույց տվեց, թե որքան կարևոր է ցանկացած երկրի անվտանգության համար ունենալ զարգացած, սարքավորումներով հագեցած և որակյալ կադրերով ապահովված առողջապահական համակարգ:

Երկար տարիներ առողջապահության ոլորտը Հայաստանում կառավարության կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել: Ունեցել ենք բյուջետային ֆինանսավորման ծայրահեղ ցածր մակարդակ, օպտիմալացում,  առավել խոշոր հիվանդանոցների մասնավորեցում, և դա, ըստ էության, ուղղված է եղել  ոլորտի նկատմամբ  պետության  պատասխանատվության բեռի կրճատմանը։

Այսօր ՀՀ կառավարությունը և ժողովուրդը շատ բարձր են գնահատում առողջապահության աշխատողների աշխատանքը: Այսօր մենք պարծենում ենք մեր բժիշկներով, բայց չպետք է  մոռանալ և լավ գիտակցել, որ բժիշկները իրենց առօրյա աշխատանքում նույնպես պայքարում են մարդկանց կյանքի և առողջության համար։ Նրանք արժանի են ավելի՛ լավ կյանքի՝ ապահովված լինելով արժանապատիվ և լավ վարձատրվող աշխատանքով՝ հիմնված  հարգանքի և արժանապատվության վրա։

Եվս մեկ անգամ հպարտանալով մեր բուժաշխատողներով, մեր զորակցությունն ու երախտագիտությունն ենք հայտնում նրանց, մաղթում առողջություն, կամք, տոկունություն, անսպառ եռանդ և համբերություն:

ՃՀՄ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ․ ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով